18 сентября 2015 г.

Ժիլերի դիմակահանդես (Բինշ, Բելգիա)

Ովքե՞ր են նրանք՝ ժիլերը, որ հանդիսատեսին նարինջներ են հյուրասիրում, իսկ հենց իրենք ուտում են ոստրե և խմում շամպայն:
Եվրոպայում Վենետիկի դիմակահանդեսից հետո երկրորդ լայնամասշտաբ միջոցառումը տեղի է ունենում բելգիական Բինշ քաղաքում: Նշվում է ամեն տարի փետրվարին՝ Զատկից առաջ, տևում երեք օր՝ խորհրդանշելով գարնանամուտը: 

Ժիլը կամ անուն է, կամ մասնագիտություն. ոչ ոք չի կարող ճիշտ բացատրություն տալ, բայց 6 դար շարունակ Նա է ձմեռը հեռացնում Բելգիայից և դիմավորում գարունը: Բելգիական դրոշի գույներով զարդարված հագուստ, փայտե մեծ կոշիկներ, զանգուլակներ, մոմե դիմակներ, որոնք օրվա վերջում փոխարինվում են փետրավոր գլխարկներով. ահա այն ամենը, ինչ կրում է յուրաքանչյուր ժիլ՝ տոնի ծաղրածու-արքան:

Ավանդաբար այդ կերպարով կարող են ներկայանալ միայն Բինշի մշտական բնակիչները (ծնունդով այս քաղաքից), ավելի կոնկրետ՝ 3-60 տարեկան տղաներն ու տղամարդիկ, մյուսները արլեկիններ են, ասպետներ կամ պարզապես հանդիսատես:

Ժիլերն ունենում են նարինջով լցված զամբյուղներ, և այդ միրգը նետում են տոնակատարության մասնակիցերին: Հաջող ու երջանիկ տարի է սպասվում նրանց, ում կհաջողվի բռնել քաղցրահամ պտուղը:
Քայլերթ թմբուկների նվագակցությամբ, նարինջների ճակատամարտ, գարեջուր բնակիչների և հյուրերի համար, խոհարարական գլուխգործոցների և կառնավալային զգեստների ցուցադրություն. այսպես են հրաժեշտ տալիս ցուրտ ձմռանը, պատրաստվում Մեծ Պահքին և պարզապես ուրախանում:

Ամեն տարի հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բինշ՝ ներկա լինելու այս իրադարձությանը, հատկապես, որ այն բավականին մոտ է մայրաքաղաք Բրյուսելին:

Բինշի դիմակահադեսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում՝ որպես Եվրոպայի հնագույն դիմակահանդես:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий