Էսպերանտո միջազգային արհեստական լեզուն ստեղծել է լեհ ակնաբույժ Լյուդվիկ
Զամենհոֆը: Այն բառացիորեն թարգմանվում է «հույս ունեցող, սպասող»:
ՄԱԿ-ում պաշտոնական լեզուները 6-ն են՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն,
չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն:
Լատիներեն ''sclavus'', իսպաներեն ''esclavo'', անգլերեն ''slave'' բառերը
թարգմանվում են «ստրուկ»: Դրանք ծագում են ''slav'' արմատից, որովհետև հին
ժամանակներում մեծ թվով սլավոններ էին վաճառվում ստրկության և դառնում նվաճողների
շարժական գույքը:
Եթե ցանկանում եք գերմաներեն ասել «Քո գործը չէ», կարող եք ասել ''Das ist
nicht dein bier'', որ բառացիորեն կթարգմանվի «Դա քո գարեջուրը չէ»:
Գերմաներենում գոյություն ունեն կարճ, բայց տարողունակ բառեր, որոնց հայերեն
համարժեքները չկան: Օրինակ, ''der ohrwurm'' նշանակում է «ձանձրացնող մեղեդի, որ
մարդ ինչ-որ տեղ լսել է և այն երգում է ամբողջ օրը» (բառացի՝ «ականջի որդ»): Կամ
''das drachenfutter'' նշանակում է «նվեր կնոջ համար, որ մեղավոր ամուսինը մատուցում
է ներում ստանալու նպատակով» (բառացի` «վիշապի կեր»):
Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ին վերագրում են հետևյալ խոսքերը.
«Ես իսպաներեն խոսում եմ Աստծո հետ, իտալերեն՝ կանանց, ֆրանսերեն՝ տղամարդկանց,
գերմաներեն՝ իմ ձիու»: Երբեմն էլ հանդիպում են տղամարդկանց փոխարեն ընկերներ, ձիու
դեպքում՝ թշնամիներ տարբերակները:
Ռոբոտ բառն առաջին անգամ գործածել է չեխ գրող Կարել Չապեկն իր «Ռոսսումի
ունիվերսալ ռոբոտները» (R.U.R.) գիտաֆանտաստիկ պիեսում: Գրքում դրանք արհեստական
մարդիկ են, իսկ չեխերենից թարգմանած՝ ''robota'' նշանակում է «հարկադիր ծանր
աշխատանք»:
Ամենաբովանդակալից բառը mamihlapinatapai-ն է, որ Հրո երկիր կղզու լեզուներից
մեկով նշանակում է «հայացք երկու մարդկանց միջև, որում արտահայտվում է
յուրաքանչյուրի ցանկությունն այն բանում, որ դիմացինը կասի այն, ինչ երկուսն էլ
ուզում են, բայց ոչ ոք չի ուզում լինել առաջինը»:
Ֆրանսերենում 70 թիվը հնչում է 60 և 10, 80-ը՝ 4 հատ 20, իսկ 90-ը՝ 4 հատ 20 և
10: Այս լեզվում «o» տառը կարող է գրվել 10-ից ավելի ձևերով (o, eau, au ևն):
Արաբերենը խոսվում է աշխարհի մոտ 25 երկրում, որոնց մի մասում միակ պաշտոնական
լեզուն է (ԱՄԷ, Եգիպտոս, Հորդանան, Սաուդյան Արաբիա ևն), մյուս մասում էլ
համապաշտոնական է այլ լեզվի կամ լեզուների հետ (Չադ, Ջիբութի, Էրիթրեա, Իրաք ևն):
Իսպաներենը երկրի սահմանադրության մեջ հիշատակվում է «կաստիլյան լեզու» ձևով:
Իսպաներեն այբուբենում գոյություն ունի j (խոտա) տառը: Հետաքրքիր է, որ կա նաև
խոտա անունով իսպանական ազգային պար, որ առաջացել է Արագոնի շրջանում:
Աշխարհի բարդագույն լեզուներից մեկը բասկերենն է, որ խոսում են Իսպանիայում և
Ֆրանսիայում: Այն առնչություն չունի որևէ այլ լեզվի հետ:
WASITACARORACATISAW-ն անգլերենում եզակի նախադասություն է, որը թե՛ սկզբից,
թե՛ վերջից կարդացվում է նույն կերպ (Իմ տեսածը մեքենա՞ էր, թե՞ կատու):
Ամենաշատ խոսվող լեզուն հյուսիսչինականն է, որ կոչում են մանդարին:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий